Պայացներ (օպերա)
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
---|---|
Ժանր | Վերիզմ |
Կոմպոզիտոր | Ռուջերո Լեոնկավալո |
Լիբրետտոյի հեղինակ | Ռուջերո Լեոնկավալո |
Սյուժեի աղբյուր | Իրական դեպք |
Գործողությունների քանակ | 2 արար[1] |
Կերպարներ | Բեպպո, Նեդդա, Կանիո, Սիլվիո և Տոնիո |
Ստեղծման տարեթիվ | 1891 |
Առաջնախաղի տարեթիվ | մայիսի 21, 1892[1] |
Առաջնախաղի վայր | Միլան |
Հրատարակման տարեթիվ | 19-րդ դար |
Pagliacci Վիքիպահեստում |
Պայացներ (իտալ.՝ Pagliacci), իտալացի կոմպոզիտոր Ռուջերո Լեոնկավալոյի օպերան՝ բաղկացած նախաբանից և 2 գործողությունից։ Լիբրետոյի հեղինակը ևս Ռուջերո Լեոնկավալոն է։ Առաջնախաղը կայացել է 1892 թվականի մայիսի 21-ին Միլանում։ Օպերայի մաս է կազմում աշխարհում ամենահայտնի դերերգերից մեկը՝ «Recitar/Vesti la giubba» («Պահն է հանդես գալու։ Պահն է հագնելու զգեստները»)։
Ստեղծման և բեմադրման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոմպոզիտորի ոգեշնչման աղբյուր, ինչպես նշվում է, եղել է Պիետրո Մասկանիի «Գեղջկական ասպետություն» օպերայի հաջողությունը, որի հետ «Պայացները» մոտ է և՛ թեմատիկայով, և՛ երաժշտական լուծումներով (շատ թատրոններում այս 2 կարճ օպերաները բեմադրվում են միասին, նույն երեկոն)։
«Պայացների» սյուժեի հիմքում, կոմպոզիտորի հավաստիացմամբ, ընկած է իրական դեպք, որին նա ներկա է եղել վաղ մանկության տարիքում իր ծննդավայրում[2]։ Լեոնկավալոյի հայրը, ով դատավոր էր, ժամանակին քննել էր նմանատիպ մի գործ։ Միայն թե մասնագետները պնդում են, որ օպերայի սյուժետային հիմքը վերցված է Կատյուլ Մենդեսի պիեսից, որին Լեոնկավալոն կարող էր ծանոթ լինել 1887 թվականին, երբ ապրում էր Փարիզում[2]։
Օպերայի սկզբնական անվանումը եղել է «Պայաց» (իտալ.՝ Il Pagliaccio, գերմանական բեմում այն մինչ այժմ էլ այդպես է՝ գերմ.՝ Der Bajazzo), եզակի թիվը փոխվել է հոգնակիի այն պատճառով, որ պրեմիերայի ժամանակ Տոնիոյի դերակատար Վիկտոր Մորելը, պնդել է, որ ինքը չի երգի մի օպերայում, որի անվանման մեջ իր կերպարը չի մտնում։
Օպերայի առաջին բեմադրությունը եղել է Միլանում 1892 թվականի մայիսի 21-ին Արթուրո Տոսկանինիի դիրիժորությամբ, բրիտանական և ամերիկյան պրեմիերաները հետևեցին սրան 1893 թվականին, ռուսականը տեղի ունեցավ 1894 թվականի Սանկտ Պետերբուրգում (Զազուլինի թատերախումբ)։
Գործող կերպարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կանիո (երգիծախաղում՝ Պայաց) (տենոր)- թափառական թատերախմբի գործատեր
- Նեդդա (երգիծախաղում՝ Կոլոմբինա) (սոպրանո) - Կանիոյի կինը
- Տոնիո (երգիծախաղում՝ Տադդեո) (բարիտոն) - թատերախմբի դերասան
- Բեպպո (երգիծախաղում՝ Առլեկին) (տենոր) - թատերախմբի դերասան
- Սիլվիո (բարիտոն) - երիտասարդ գեղջուկ
- և այլք։
Համառոտ բովանդակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գործողությունները տեղի են ունենում Իտալիայի հարավում գտնվող Կալաբրիա մարզի Մոնտալտո փոքրիկ գյուղում 1865 թվականին Կույս Մարիամի փառաբանության տոնին (օգոստոսի 15)։
Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Անսպասելիորեն, նվագախմբի ելույթի ընթացքում բարձրանում է վարագույրը, իսկ երկրորդ շերտի վարագույրի ետևից Տոնիոն՝ իր կատակերգական հերոսի՝ Տադդեոյի կերպարանքով, դուրս է գալիս բեմ և դիմում անմիջապես հանդիսատեսին (Si può?... Si può?... Signore! Signori! ... Un nido di memorie)։ Նա հայտնում է, թե ինչպես է գրվել այս օպերան՝ այն դուրս է հորդել կոմպոզիտորի սրտից («Հեղինակը ձգտել է արտացոլել հենց կյանքը... և ոգեշնչվել է իրականությունից»)։ Տոնիոն, շարունակելով իր բացատրությունը, ասում է, որ դերասանները տոգորված են զգացմունքներով և կրքերով, ինչպես բոլոր մարդիկ։ Այդ զգացմունքները և կրքերը հենց օպերայի գլխավոր թեման են։ Վերջապես Տոնիոն բարձրացնում է վարագույրը և այդ պահին, ինչպես նախատեսվում է, հնչում են բուռն ծափեր, քանի որ Տոնիոն ավարտում է նախաբանը բարձր սոլ նոտայի վրա։
Առաջին գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կանիոն և Նեդդան թափառաշրջիկ թատրոնի գործատերեր են։ Այդ թատերախմբում խաղում են կատակերգակ դերասաններ Տոնիոն ու Բեպպոն։
Կանիոն հայտարարում է, որ երեկոյան Մոնտալտո գյուղակում ուրախ ներկայացում է լինելու։ Գեղջուկները հրավիրում են դերասաններին՝ տեղի փոքրիկ պանդոկում իրենց հետ գինի խմելու։ Տոնիոն հրաժարվում է։ Գեղջուկները զվարճախոսում են, թե՝ ահա՛, նա մնում է, որ փորձի Նեդդային սիրահետել։ Այդ կատակը Կանիոյին բնավ դուր չի գալիս, և նա մռայլվում է։
Վերջապես բելերը պանդոկ են գնում, իսկ Տոնիոն Նեդդայի հետ մնում է մենակ ու նրան իր սերն է խոստովանում։ Նեդդան ծիծաղում է Տոնիոյի վրա։ Իսկ երբ Տոնիոն փորձում է գրկել ու համբուրել կնոջը, վերջինս նրան մտրակով ուժեղ հարված է հասցնում։ Շուտով պարզ է դառնում, սակայն, որ Նեդդան ո՛չ բոլոր տղամարդկանց հետ է այդքան կտրուկ ու անզիջում վարվում... Տոնիոն տեսնում է, որ Նեդդային այցելում է երիտասարդ գեղջուկ Սիլվիոն։ Կինն ուրախ է երիտասարդի գալու համար և նրան համբույր է պարգևում։ Պարզվում է, կինն այլևս չի սիրում իր ամուսնուն. թափառական դերասանի կյանքն իրեն սաստիկ ձանձրացրել է։ Վրեժխնդրության տենչը համակում է Տոնիոյին, ով թաքուն ականատես էր այս ամենին, և նա ամեն ինչ պատմում է Կանիոյին։ Նրանք միասին բռնացնում են Նեդդային և Սիլվիոյին այն պահին, երբ կինը սիրեցյալին սիրո խոստում է տալիս. «Այս գիշեր ես քո՛նը կդառնամ՝ առմիշտ»։ Կանիոն արագ դուրս է քաշում դանակը՝ երջանիկ ախոյանին անմիջապես սպանելու նպատակով, բայց վերջինիս հասցնում է ճողոպրել։ Սակայն, ո՞վ է այդ տղամարդը, նրա դեմքը Կանիոն չի տեսել։ Նա պահանջում է, որ Նեդդան հայտնի երիտասարդի անունը։ Բեպպոն զայրացած ամուսնու ձեռքից խլում է դանակը։ Ժամանակն է արդեն պատրաստվելու երեկոյան ներկայացմանը։ Կանիոն երգում է. «Ծիծաղի՛ր, պայա՛ց, խորտակված սիրո վրա...» (Vesti la giubba)։
Երկրորդ գործողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երեկոյան, ներկայացման մեջ Կանիոն խաղում է Պայացի դերը, Նեդդան՝ Կոլոմբինայի, Տոնիոն՝ ծառա Տադդեո, իսկ Բեպպոն՝ Կոլոմբինային սիրահարված Առլեկինի։ Վերջինս սերենադ է երգում Կոլոմբինային, նա էլ Առլեկինին պատուհանից ներս է թողնում ու խոստանում. «Այս գիշեր ես քո՛նը կդառնամ՝ առմիշտ»։ Եվ Կանիոն հանկարծ վերհիշում է, որ Նեդդան հենց ա՛յդ խոսքերով էր դիմել իր սիրեցյալին։ Իրեն տիրապետել այլևս չկարողանալով՝ Կանիոն պահանջում է, որ կինը տա իր սիրեկանի անունը։ Նեդդան հուսահատ փորձում է այս ամենը կատակի վերածել, բայց դա նրան չի հաջողվում։ Կանիոն դուրս է քաշում դանակն ու սպանում Նեդդային։ Սիլվիոն նետվում է բեմահարթակ, որ փրկի իր սիրած կնոջը։ Կանիոն դանակահարում է նաև Սիլվիոյին։
Այդ պահին սթափվելով՝ Կանիոն սարսափահար հասկանում է, թե ի՜նչ մեղք է գործել։ Դանակն ընկնում է նրա ձեռքից...
Տոնիոն հայտարարում է հանդիսատեսին՝ «Կատակերգությունն ավարտվեց» (իտալ.՝ La comedia è finita!)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- В.Коршиков Хотите, я научу вас любить оперу. О музыке и не только. — М., ЯТЬ, 2007. — 246 с.
- Dryden, Konrad. Leoncavallo։ Life and Works. The Scarecrow Press (Plymouth, UK), (2007).
- Haggin, Bernard H., Conversations with Toscanini, New York։ Doubleday & Company, Inc., 1959.
- Phillips-Matz, Mary Jane. Washington National Opera 1956–2006. Washington, D.C.։ Washington National Opera, 2006.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պայացներ (օպերա)» հոդվածին։ |
|